Լեհաստան ռուսական ԱԹՍ-ների ներխուժման ֆոնին այդ երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Վարշավան չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ: «Շփման խողովակներ են պետք ոչ միայն ընկերների, այլև հակառակորդների հետ», - Կիև այցի ընթացքում նշել է Ռադոսլավ Սիկորսկին: Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ Լեհաստանում ռուս դիվանագետների գործունեությունը կսահմանափակվի: Սիկորսկին նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կռվում Ռուսաստանի դեմ, դա անում է Ռուսաստանը՝ Ուկրաինայի միջոցով: «Պատրաստ ենք ընդլայնել Կիևի հետ ռազմական գործակցությունը», - շարունակել է լեհ դիվանագետը:
Նաև հայտնի է, որ Ուկրաինայի արևմուտքում լրացուցիչ ՀՕՊ համակարգեր կդեղադրվեն՝ ապահովելու այդ թվում եվրոպական անվտանգությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է «Արևելյան պահապան» նախաձեռնության մեկնարկի մասին՝ դաշինքի արևելյան թևը պաշտպանելու համար։ Մարկ Ռյուտտեի խոսքով՝ գործողությանը կներգրավվեն դաշնակիցների ռեսուրսները:
Լեհաստանի շուրջ իրավիճակը քննարկել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դորոթի Շին կտրուկ դատապարտել է Ռուսաստանի գործողությունները, վստահեցրել՝ Վաշինգտոնը կպաշտպանի իր դաշնակիցներին և ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը կրկնել է Դաշնության ՊՆ վերջին հայտարարությունը՝ ռուսական ուժերը Լեհաստանում որևէ թիրախ խոցելու նպատակ չեն ունեցել: Վասիլի Նեբենզյան մեղադրել է Արևմուտքին՝ տեղի ունեցածը չափազանցեցնելու և Ուկրաինայում կարգավորումը խաթարելու փորձերի համար:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։