Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու է առաջադրվել Նելլի Բաղդասարյանը: Նրա թեկնածությունն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 10-ի նիստին ներկայացրեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը:
Նելլի Բաղդասարյանը ծնվել է 1971 թվականին Երևանում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, մասնագիտությունը՝ իրավագիտություն, մասնագիտական ստաժը՝ ընդհանուր 30 տարի, որից դատավորի ստաժը՝ 13 տարի 10 ամիս: 2020-ից աշխատում է Երևանի քրեական դատարանի դատավոր:
Նելլի Բաղդասարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Դատախազությունում, ապա աշխատել է Դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում աշխատել է որպես դատավոր մինչև 2020 թվականը:
Թեկնածուն իր ելույթի ժամանակ ներկայացրեց, թե ինչու է հավակնում ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործեր քննող դատավորի պաշտոնում: Նա հիշեցրեց, որ ունի 30 տարվա պրակտիկ իրավաբանի աշխատանքային փորձ, որից 14-ը՝ դատավորի պաշտոնում, առիթ է ունեցել քննելու բազմաթիվ և բազմաբնույթ քրեական գործեր, որոնց քննության ընթացքում հաճախակի են ծագել իրավիճակներ, որի շրջանակում դատարանից պահանջվել է օրենքի միատեսակ կիրառում, այսինքն՝ ծագել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային որոշումներով արտահայտված դիրքորոշումների կիրառման անհրաժեշտություն:
«Գիտակցում եմ, որ Վճռաբեկ դատարանի դատավորի աշխատանքը բարդ է, միաժամանակ պատասխանատու աշխատանք է, սակայն վստահաբար հայտարարում եմ, որ իմ՝ որպես բացառապես քրեական գործեր քննող դատավորի բազմամյա փորձն արդյունավետ կարող եմ օգտագործել օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո ծագած նախադեպային իրավունքի զարգացման խիստ կարևոր գործընթացում:
Գիտակցելով դատավորի աշխատանքի բարդությունները, որոնք պահանջում են բազմաթիվ անձնական սահմանափակումներ, հավատարիմ մնալով դատավորի երդմանը, ղեկավարվելով բացառապես օրենքներով, և իմ ներքին համոզմամբ՝ որպես դատավոր պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ձեր վստահության քվեն ստանալու դեպքում շարունակել իմ ծառայությունը նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի խիստ պարտավորեցնող և պատասխանատու պաշտոնում, է՛լ ավելի բարձրացնել դատական համակարգի ինստիտուցիոնալ անկախությունը՝ որպես դատական իշխանության ներկայացուցիչ, շարունակելու եմ պաշտպանել դատական իշխանության հեղինակությունը, արդարադատության շահը, քանի որ այն բխում է ՀՀ շահից, ՀՀ ժողովրդի շահից»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ ինչպես են դատավորները անկախ, երբ երկրի վարչապետը կոչ է անում իշխանության մյուս ճյուղի՝ դատարանի մուտքերը և ելքերն արգելափակել, և այս համատեքստում հետաքրքրվեց՝ Նելլի Բաղդասարյանն այդ օրն աշխատանքի գնացե՞լ է, թե՞ չի գնացել:
«Դատավորներն իրոք անկախ են, ղեկավարվում են օրենքներով և իրենց ներքին համոզմամբ: Դուք՝ որպես քաղաքական մարմնի ներկայացուցիչ, ազատ եք ձեր դիրքորոշումներում, ձեր հարցադրումներում, մինչդեռ ես պարտավոր եմ մնալ իմ վարքագծի կանոնների շրջանում: Այդպիսին է դատավորի կարգավիճակը,- ասաց նա և հավելեց.- Ինչ վերաբերում է աշխատանքի հաճախելուն, այո՛, ես այդ օրը կատարել եմ իմ աշխատանքային պարտականությունը, հաճախել եմ աշխատանքի»:
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Լուսինե Աբգարյանի, Նելլի Բաղդասարյանի և Արմեն Դանիելյանի ընտրության հարցը: