Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել Կիև՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու։ Այս առաջարկը Ուկրաինայի պետության ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին արել է սեպտեմբերի 5-ին ամերիկյան ABC News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նույն օրը՝ ավելի վաղ Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում, Պուտինը կրկին հայտարարել էր, որ Մոսկվան համարում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու «լավագույն վայրը»։ Միևնույն ժամանակ, նա խոստացել էր Զելենսկուն տրամադրել «100 տոկոս» անվտանգության երաշխիք:
«Նա՝ Վլադիմիր Պուտինը, կարող է այցելել Կիև: Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր ենթարկվում է հրթիռակոծությունների, հարձակումների։ Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի մայրաքաղաք»,- հակադարձել է Ուկրաինայի առաջնորդը։ Զելենսկու կարծիքով ՝ Պուտինը «դա հասկանում է»։
Զրույցի ընթացքում Ուկրաինայի ղեկավարը բազմիցս ասել է, որ Ռուսաստանի նախագահը չի ցանկանում հանդիպել իր հետ և դադարեցնել պատերազմն Ուկրաինայում: Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Պուտինը «խաղ է խաղում Միացյալ Նահանգների հետ»: