Նախատեսվում է կապիտալ ծախսերի իրականացման նպատակով 2025 թվականի պետբյուջեում կատարել վերաբաշխում 22 մլրդ 887 մլն 661 հազար դրամի չափով, որից ԿԳՄՍՆ-ին հատկացված միջոցների հաշվին՝ 9 մլրդ 668 մլն 723 հազար դրամի չափով, իսկ 13 մլրդ 214 մլն 638 հազար դրամը հատկացվում է Կառավարության կողմից: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
«Նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինաշխատանքների կառուցումը, և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքով ապահովումը:
Մեծ մասը հատկացված է դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրերին»,- ասաց նա:
Նախարարի տեղակալը թվարկեց նախատեսվող ծրագրերը և դրանց մասով դրամային հատկացումների հաշվետվությունը: Ըստ այդմ՝ 8 մլրդ 850 մլն դրամ հատկացվում է դպրոցների կառուցման ծրագրերին, 2 մլրդ 500 մլն դրամ հատկացվում է կրթահամալիրների կառուցման ծրագրերին, 9 մլրդ 300 մլն դրամ՝ դպրոցների հիմնանորոգման, վերանորոգման ծրագրերին. գումարը հատկացվում է ընթացող շինարարությունների տարեկան հատկացումների ավելացմանը, ինչպես նաև նոր օբյեկտների շինարարության մեկնարկի համար: Նախատեսվում է նաև 430 մլն դրամ հատկացնել 2 մանկապարտեզների կառուցման համար: