Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հույս հայտնելով, որ նրա նախագահությունը կնպաստի խաղաղությանն ու բարգավաճմանը, հայտնում է Sputnik Georgia-ն։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պասիվությունը Վրաստանի նկատմամբ տարակուսանք է առաջացնում հասարակության մեջ և կասկածներ տարածաշրջանային խաղաղությունն ամրապնդելու՝ ԱՄՆ գործողությունների անկեղծության վերաբերյալ»,- ասվում է Վրաստանի նախագահի՝ ամերիկացի գործընկերոջն ուղղված նամակում։
Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերբեռնելու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԱՄՆ-ի հետ նոր ռազմավարական գործընկերություն կնքելու Վրաստանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով ամերիկյան և վրացական շահերը։
Նամակում Կավելաշվիլին նշել է, որ իր նախագահության մի քանի ամվա ընթացքում Թրամփը սերտ կապեր է հաստատել Վրաստանի բոլոր հարևանների հետ, նպաստել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ակտիվորեն համագործակցել է Թուրքիայի հետ և վերականգնել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Սակայն, ըստ նրա, ԱՄՆ վարչակազմը լռում է Վրաստանի հարցում, ինչը տարակուսանք է առաջացնում վրացական հասարակության մեջ։
Վրաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնումն ու մաքուր էջից երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության վերականգնումը Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է։