Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը շարունակում է տարեցների համար կազմակերպվող ճանաչողական շրջագայությունները դեպի Հայաստանի գեղեցիկ անկյուններ։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Այս անգամ մեր սիրելի տատիկներն ու պապիկները Աջափնյակ վարչական շրջանից այցելել են Տաթևի վանական համալիր։
Նրանց ուղեկցում էին սոցիալական աշխատողը, բուժաշխատողը և փորձառու էքսկուրսավարը, որպեսզի ճանապարհը լինի ոչ միայն հետաքրքիր, այլև ապահով ու հարմարավետ:
Այս նախաձեռնությունը շարունակական է․ ընդհանուր նախատեսվում է իրականացնել 55 ուղևորություն՝ 9 տարբեր ուղղություններով։
Շուրջ 1100 տարեց հնարավորություն կունենա բացահայտելու Հայաստանի տեսարժան վայրերն ու պարզապես լավ ժամանակ անցկացնելու նոր ընկերների հետ։