Ռուսական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածել են Կիևին: Զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Շուրջ 50 մարդ տուժել է։ Ընդհանուր առմամբ Կիևի վեց շրջանում վնասվել են հարյուրավոր օբյեկտներ, բնակելի շենքեր։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում. փլատակներում հնարավոր է՝ մարդիկ կան: Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին՝ բանակցությունների փոխարեն ռմբակոծությունները նախընտրելու համար:
«Մոսկվան օգտվում է այն հանգամանքից, որ աշխարհի առնվազն մի մասը աչք է փակում երեխաների սպանության վրա և արդարացումներ է փնտրում Պուտինի համար»,- հայտարարել է նախագահը։ Զելենսկին կոչ է արել, մասնավորապես, Չինաստանին և Հունգարիային՝ արձագանքել ռուսական ագրեսիային: Նրա համոզմամբ՝ հարկավոր է խստացնել հակառուսական պատժամիջոցները:
Ուկրաինական ուժերն էլ թիրախավորել են ռուսական նավթավերամշակման 2 գործարան: Կրասնոդարի երկրամասում և Սամարայի մարզում հրդեհներ են բռնկվել։ Հարվածներ են հասցվել նաև Վոլգոգրադի և Ռոստովի մարզերին:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: