Քոլեջներում ընդունելության գործընթացի վերջնական ամփոփման փուլում ենք: Բայց արդեն իսկ կարող ենք ասել, որ Կառավարության քաղաքականությունը, որն ուղղված էր գերակա որոշ ուղղություններով ավելի բարձր չափի կրթաթոշակի տրամադրմանը և դրանով իսկ դիմելիության խրախուսմանը, միայն առաջին փուլի՝ առանց լրացուցիչ փուլը հաշվի առնելու տրամաբանության, արդեն իսկ ավելի լավ ցուցանիշներ է գրանցել, քան նախորդ տարի էր: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը;
«Միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, երբ անցյալ տարի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում 717 դիմորդ էինք ունեցել: Պետք է ասեմ, որ առաջին տարում, երբ այս մոտեցումը ներդրվեց, 445 դիմորդ էինք ունեցել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ, առանց լրացոցիչ փուլն ամփոփելու, արդեն իսկ ավելի քան կրկնապատկվել է դիմորդների թիվը:
«Սա նշանակում է, որ միջին մասնագիտական կրթական ծրագրերով պետության քաղաքականությունն այս ուղղություններով՝ կրթաթոշակի տրամադրման, իսկապես ունեցել է արձագանք, և դիմորդները դիմում են ու սովորում են այս ուղղություններով»,- ասաց նախարարը:
ՄԿՈՒ համակարգում ընդունելության ցուցանիշները, ըստ նախարարի, ցույց են տալիս, որ ընդունելության բարձր ցուցանիշների դինամիկան պահպանվում է:
«Անցած տարի ավելի քան 14 հազար ուսանող էինք գրանցել ՄԿՈՒ համակարգում, այս տարի միայն առաջին փուլի արդյունքներով համարյա մոտեցել ենք 15 հազարի ցուցանիշին:
Վերջնական թվերը հրապարակելուց և լրացուցիչ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, կարծում եմ, որ կկարողանանք արձանագրել, որ ՄԿՈՒ համակարգում ունենք բավականին լավ տենդենց, և այն դառնում է գրավիչ մեր երիտասարդների համար՝ որպես մասնագիտական կրթության ստացման հիմնական ուղղություն»,- ասաց նա: