ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու բանակցություններին: Այս մասին նա հայտարարել է իր Truth Social սոցցանցում Եվրամիության երկրների ղեկավարների և Զելենսկու հետ բանակցություններից հետո։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ համակարգմամբ կզբաղվեն Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Զելենսկին նշել է, որ ռուսական կողմն է խնդրել հանդիպում անցկացնել ամերիկյան վարչակազմի միջոցով։ Երկկողմ հանդիպումից հետո, կսկսվեն Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման աշխատանքները։
Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման «ցանկացած ձևաչափի»: Հստակ ամսաթիվ չի նշվում, սակայն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կողմերը կհանդիպեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավարտվել են Թրամփի և Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ
հանդիպումը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ասել էր, որ ներկա է եղել Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռախոսազանգին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման ժամանակ։
Նա
ընդգծել էր, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։