Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում, և այս փաստը պետք է գիտակցել: Այսպես ասում եմ, որովhետև դա հեշտ չէ, որովհետև դա մեզ բոլորին անծանոթ իրավիճակ և իրողություն է: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք՝ Երրորդ Հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ի՛նչ է խաղաղություն, չգիտենք, թե ի՛նչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում: Դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մենք անկախության առաջին օրից ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ ո՛չ պատերազմ-ո՛չ խաղաղություն իրավիճակում:
Խաղաղության մասին մարդիկ իհարկե երազել են, բայց մյուս կողմից` «խաղաղություն» բառի համար այդ բառն օգտագործողները հաճախ դատափետվել և քննադատվել են:
Եվ ուրեմն՝ խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է: Խաղաղությունը մեզ համար անծանոթ և, այսպիսով, օտարոտի կյանք է, և խնդրում եմ՝ եկեք չթերագնահատենք այս իրողությունը: Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ի՛նչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ի՛նչ է նշանակում խաղաղություն, ինչպիսին է այն և ինչ տեսք ունի:
Սրա մասին մտածելիս է, որ հասկանում ես, որ խաղաղությունն այնպիսի տեսք ու պատվեր կունենա, ինչպիսի տեսք ու պատվեր մենք նրան կհաղորդենք, ինչպիսին այն կկերտենք և կստեղծենք, իհարկե, Ադրբեջանի հետ և ոչ թե միայնակ»,- ասաց նա՝ հավելելով, որ հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում: