Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել: Այդ գործում, իհարկե, անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին»,- ասաց նա:
Օրեր առաջ Սպիտակ տունը լուսանկար էր հրապարակել, նշելով, որ աշխարհը կոչ է անում Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Դոնալդ Թրամփին: Ամերիկյան կողմը կից ներկայացրել է այն երկրների առաջնորդների անունները, որոնք հանդես են եկել համապատասխան առաջարկով:
Նրանց թվում են՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի, Գաբոնի, Իսրայելի ղեկավարները, Պակիստանի կառավարությունը, Ռուանդայի արտաքին գործերի նախարարը։