Կառավարությունը սահմանել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ օգոստոսի 14-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորն ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից բաց մրցույթով:
«Հիմնական գործառույթները, թե օպերատորն ինչ է անելու, եթե մրցույթի արդյունքում ընտրվի և գործի, այն է, որ իրական ժամանակում մոնիտորինգ է իրականացնելու խաղադրույքների և համապատասխան մոնիտորինգային կենտրոն է ստեղծելու ու դա միացնի այդ ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև խաղային արտադրանքների համապատասխանության, սերտիֆիկատների իսկության հավաստում է իրականացնելու: Ընդ որում՝ այս մոնիտորինգային կենտրոնին միանալու են ինչպես խաղային սարքավորումները, այսինքն՝ խաղատների խաղային սարքավորումները, այնպես էլ այն հարթակները, որոնց միջոցով խաղեր են կազմակերպվում:
Արդունքում ի՞նչ ենք ունենալու այս բարեփոխմամբ. այն թույլ է տալու վերահսկել խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները:
Ընդ որում՝ այստեղ հիշեցնեմ, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ այդ շահումները մյուս տարվանից համարվելու են եկամուտներ և հարկվելու են եկամտային հարկով: Սրա միջոցով մենք նաև հարկվող օբյեկտների հայտարարագրման արժանահավատությունն ենք բարձրացնում, և դրա արդյունքում նաև ակնկալում ենք հարկային եկամուտների ավելացում:
Երկրորդ խումբ արդյունքներն այս ռեֆորմի [այն է, որ] համակարգը թույլ կտա վերահսկել նաև խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների տեխնիկական վիճակը՝ բացառելով հնարավոր խարդախությունները, ապահովելով խաղացողների շահերի և իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև զերծ պահելով հասարակությանը՝ հատկապես խոցելի խմբերին, խաղամոլությունից»,- ասաց նա:
Մրցույթը 3 փուլով է իրականացվելու, անցկացվելու են որակավորման և առաջարկի հարցման փուլեր, նշված փուլերի կարգ ու ժամկետներ են սահմանվել, հայտատուների կողմից մրցույթին մասնակցելու իրավունքի պահանջներ, փաստաթղթեր: Օրինակ՝ սահմանվել են այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ընկերությունը չի կարող դիմել մրցույթի, եթե խաղային արտադրանք արտադրող է կամ խաղային գործունեության կազմակերպիչ կամ նրա հետ փոխկապակված անձ, ունի չմարված պարտավորություններ, անվճարունակության առանձին հատկանիշները, ապա չի կարող մասնակցել այս մրցույթին:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը արձագանքեց՝ հարցը կառավարության քննարկումների առանցքում է դեռ տարեսկզբից, ապա նկատեց, որ սա քիչ դեպքերից է, որ վարչարարական գործառույթը կիսվում է մասնավոր հատվածի գործընկերոջ հետ: Հաճախ չէ, որ ՊԵԿ-ն ունի պրակտիկա՝ իր վերահսկողական գործառույթը մասնավոր կազմակերպության ներգրավման միջոցով իրականացնելու:
ՊԵԿ նախագահը պարզաբանեց. «Քանի որ խաղային ոլորտը արագ, դինամիկ զարգացող ոլորտ է, ու տեխնոլոգիաները թռիչքաձև են զարգանում, այնքան, որ չենք կարողանում հասցնել այս զարգացումների հետևից, և կարիք կա համարժեք կազմակերպություններ բերել որպես հակակշիռ, որոնք այդ տեխնոլոգիական զարգացածությամբ կարող են լինել պետության կողմից որպես ներկայացուցիչ այդ ոլորտում և կարողանան ավելի արդյունավետ կարգավորել: Չեմ թաքցնի, որ ներկայումս ունենք գործիքներ, որոնցով հարկային վարչարարություն իրականացնում ենք, բայց արդյունավետության մակարդակը այնպիսին չէ, ինչպես կարող ենք ակնկալել»,- ասաց նա:
Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը: