Տարակարգ ստանալու համար մեծ թվով դիմումներ ենք ստանում, և ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ ունենք 500-ից ավելի ուսուցիչներ, որոնք նոր կարգով տարակարգ են ստացել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի շատ դիմում են 3-րդ և 4-րդ տարակարգերի համար, թեև այստեղ ավելի բարդ է ստանալ տարակարգը, քան 1-ին և 2-րդ կարգերում, բայց, այնուամենայնիվ, մենք ավելի շատ դիմողներ ունենում ենք 3-րդ և 4-րդ մակարդակներում»,- ասաց նախարարի տեղակալը:
Շրջանառվում են նաև տարակարգի հետ կապված իրավական նոր կարգավորումները, որոնք առաջիկայում կհաստատվեն: Ըստ այդմ՝ երբեմն տարընկալում էր առաջացնում այն, որ 3-րդ և 4-րդ մակարդակներում տարակարգի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում մասնագիտական զարգացմանը վերաբերող դասընթացների մասնակցության վկայական ներկայացնելու պահանջ կար:
«Կոնկրետ առանձնացրել ենք, որ դրանք պետք է լինեն ոչ հերթական ատեստավորման շրջանակում վերապատրաստումների ցանկից, որովհետև հերթական ատեստավորման շրջանակում վերապատրաստումները պարտադիր են, իսկ հատկապես 3-րդ և 4-րդ մակարդակներում տարակարգի դիմող ուսուցիչներն այն ուսուցիչներն են, որոնք լրացուցիչ աշխատանք են իրականացնում իրենց մասնագիտական զարգացման ուղղությամբ, հետևաբար, այստեղ իրենց լրացուցիչ աշխատանքի մասին վկայող փաստաթղթի անհրաժեշտություն կա»,- ասաց նա: