Երիտասարդության միջազգային օրվա առթիվ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով, ի նշան երախտագիտության ու խրախուսման, մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացել են պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
«Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին մի քանի երիտասարդ կամավորներ, որոնք, չսպասելով հատուկ կոչի կամ հրավերի, ներգրավվել էին հրդեհաշիջման աշխատանքներում՝ աշխատելով իբրև լիարժեք թիմակիցներ։
Նրանց անմնացորդ նվիրվածությունը և համարձակությունը չմնացին աննկատ։ Փրկարար ծառայության ղեկավար կազմը բարձր է գնահատել այս նախաձեռնությունը՝ այն համարելով ոչ միայն երիտասարդական ակտիվության վառ դրսևորում, այլև օրինակելի պահվածք։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրապես փոխող ուժը երիտասարդության մեջ է։ Իսկ երբ այդ ուժը միահյուսվում է գիտակցության, հոգատարության և գործողության պատրաստակամության հետ, այն դառնում է ազգային հպարտության արժանի օրինակ»,- նշել են ՆԳՆ ՓԾ-ից։