ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
«Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հուլիսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա էլեկտրատեխնիկայի, հագուստի և սնունդի միջից, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 88,64 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 212 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 196 պարագա, 16 wi-fi սարք, 29 կտրող-ծակող առարկա, 62,6 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները»,- ասված է հաղորդագրությունում։