ԱՄՆ նախագահը հնգօրյա այցով մեկնել է Շոտլանդիա, որտեղ պատրաստվում է գոլֆ խաղալ, հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետի և եվրոպացի այլ պաշտոնյաների հետ։ Արևմտյան ԶԼՄ-ների տվյալով՝ հանդիպումների օրակարգում են մաքսատուրքերը, համաշխարհային անվտանգությունը և ռուս-ուկրաինական կարգավորումը։
Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփի այցին ընդառաջ՝ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ, վստահեցրել Կիևին անսասան աջակցության մասին: Կողմերն ընդգծել են Մոսկվայի վրա պատժամիջոցների միջոցով ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությունը: Բրիտանական կողմը նաև բարձր է գնահատել Ուկրաինային ռազմական աջակցության՝ ամերիկյան նոր ծրագիրը:
Եվրահանձնաժողովի նախագահն էլ հայտնել է, որ հուլիսի 27-ին հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ: Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ քննարկելու են անդրատլանտյան առևտրային հարաբերությունները և դրանք ամրապնդելու ուղիները։
Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ԱՄՆ-ԵՄ առևտրային հնարավոր համաձայնագիրը, կարծիք է հայտնել, որ դրա կնքման հավանականությունը 50% է։ «Կան վիճելի հարցեր, բայց սա կարող է դառնալ ամենամեծ գործարքը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ նախագահը նաև համոզմունք է հայտնել, թե ներգաղթը «սպանում է Եվրոպան», նա կոչ է արել եվրոպացիներին պայքարել դրա դեմ:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: