Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երրորդ ուղիղ բանակցությունները տևել են շուրջ 1 ժամ: Կողմերը քննարկել են հակամարտության կարգավորման շուրջ հուշագրերը: Մոսկվան առաջարկել է ձևավորել քաղաքական, հումանիտար և ռազմական հարցերով երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց ձևաչափով:
Ըստ ռուսական պատվիրակության ղեկավարի՝ առաջարկվել է նաև շփման գծում հայտարարել կարճ՝ 24-48 ժամ տևողությամբ հրադադարներ՝ վիրավորներին տեղափոխելու և զոհերի մարմինները վերցնելու համար: Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ քննարկվել է նաև քաղաքացիական անձանց վերադարձի հարցը: Զոհերի մարմինների և ռազմագերիների փոխանակումը նույնպես շարունակվում է: Մոսկվան Կիևին է վերադարձրել 7000 մարմին: Առաջիկայում սպասվում է 1200-ական ռազմագերու փոխանակում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպմանը, ապա դրա համար հարկավոր է մշակել խաղաղության շուրջ համաձայնագիրը: Ղեկավարների հանդիպմանը, ըստ Մեդինսկու, քննարկումներ չպետք է լինեն, պետք է արդեն համաձայնագրի ստորագրում տեղի ունենա: Միևնույն ժամանակ նա նշել է՝ կողմերի դիրքորոշումները բավական տարբեր են իրարից:
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: