Իսրայելը և Սիրիան հրադադարի համաձայնություն են ձեռք բերել Դամասկոսի կառավարական ուժերի և հակամարտող զինված խմբավորումների միջև մարտերին Իսրայելի միջամտության ֆոնին: Իսրայելի վարչապետի և Սիրիայի նախագահի միջև գործարքը հնարավոր է դարձել ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ: Այն ողջունել են Սիրիայի հարևաններ Թուրքիան և Հորդանանը:
«Մենք կոչ ենք անում դրուզներին, բեդուիններին և սուննիներին՝ վայր դնել զենքերը և մյուս փոքրամասնությունների հետ կառուցել նոր և միասնական սիրիական ինքնություն՝ հարևանների հետ խաղաղության և բարգավաճման պայմաններում»,- հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը:
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարան նշել է, որ Վաշինգտոնի միջնորդությունն օգնել է կանխել Իսրայելի հետ լայնածավալ էսկալացիան:
Միևնույն ժամանակ դրուզների և բեդուինների միջև նոր մարտեր են բռնկվել: Դամասկոսը կրկին զորքեր է ուղարկել աս-Սուեյդայի նահանգ, որտեղից ավելի վաղ դուրս էր եկել Իսրայելի պահանջով: Ըստ տեղեկությունների՝ Իսրայելը համաձայնել է թույլ տալ, որ Սիրիայի ներքին անվտանգության ուժերի անձնակազմը 48 ժամով մտնի աս-Սուեյդա՝ դրուզներին պաշտպանելու համար:
Հուլիսի 13-ից բռնկված մարտերում 600-ից ավելի մարդ է զոհվել: Այդ բախումների ընթացքում Իսրայելը հարվածներ էր հասցրել ինչպես աս-Սուեյդայում, այնպես էլ Դամասկոսում գտնվող մի շարք օբյեկտների՝ ի պաշտպանության դրուզների: Իսրայելը նաև գրեթե 600 հազար դոլարի հումանիտար օգնություն է ուղարկել աս-Սուեյդայի դրուզներին:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հայտնել էր, որ կան հավաստի տեղեկություններ մարտերի ընթացքում աս-Սուեյդայում մարդու իրավունքների լայնատարած խախտումների և կամայական սպանությունների մասին: Ըստ Տյուրկի՝ հանցագործությունների ենթադրյալ իրագործողների թվում եղել են ինչպես Սիրիայի անվտանգության ուժերի անդամներ և ժամանակավոր կառավարության հետ կապված անձինք, այնպես էլ դրուզ և բեդուին զինյալներ: