Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Ուկրաինայում տիրող հակամարտությունն ու Սիրիայում ստեղծված իրավիճակը։
«Էրդողանը նշել է, որ կարևոր է սկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, և որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել հանդիպումը Ստամբուլում, երբ որոշվեն կողմերի համար հարմար ժամկետները»,- հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Այս շաբաթվա սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների երրորդ փուլին, սակայն Կիևից դեռևս առաջարկներ չեն ստացել։
Թուրքիայի նախագահը կարևորել է նաև կայունության և անվտանգության ապահովումը Սիրիայում։
«Նախագահ Էրդողանը նշել է, որ Սիրիայի հարավից՝ Աս-Սուեյդայից, անվտանգության ուժերի դուրսբերմանը հաջորդած բախումները սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար, և կարևոր է, որ Իսրայելը չխախտի Սիրիայի ինքնիշխանությունը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է կայունություն և անվտանգություն ապահովել այդ երկրում և օգնել հնարավորինս շուտ ոտքի կանգնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ղեկավարներն ընդգծել են Սիրիայում այդ երկրի բոլոր համայնքների համար հավասար իրավունքների ապահովման կարևորությունը և տարածքային ամբողջականության պահպանումը: Պուտինը, ըստ հաղորդագրության, ևս մեկ անգամ «ընդգծել է տրամադրվածությունը ուկրաինական խնդրի դիվանագիտական և քաղաքական հանգուցալուծման ուղիներ գտնելուն և շնորհակալություն հայտնել Էրդողանին՝ ստամբուլյան հարթակում ռուս-ուկրաինական բանակցության հետագա փուլերը հյուրընկալելու պատրաստակամության համար»: