Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար Ռուստեմ Ումերովին ակտիվացնել Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը։ «Այժմ շարունակում ենք բանակցությունների երկրորդ փուլում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը»,- մանրամասնել է Զելենսկին: Նրա խոսքով՝ Ումերովի հետ քննարկել են նաև Կիևի դաշնակիցների հետ ռազմական աջակցության պայմանագրերը և համատեղ արտադրության հետ կապված հարցեր:
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան դրական է գնահատում բանակցային գործընթացն ակտիվացնելու մասին Զելենսկու խոսքը: «Ռուսաստանը ևս ցանկանում է դինամիկա հաղորդել բանակցություններին»,- շեշտել է Դմիտրի Պեսկովը։
Ռուս պաշտոնյան նաև մեղադրել է ՆԱՏՕ-ին՝ Մոսկվայի նկատմամբ թշնամական վերաբերմունքի համար: «Դա ստիպում է մեզ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի տարածքում գտնվող արևմտյան ռազմական օբյեկտները Ռուսաստանի զինված ուժերի համար օրինական թիրախ են։
Նա հավելել է, որ ներկայումս Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները անմխիթար վիճակում են, և դա հաղթահարելու համար բարդ աշխատանքներ են տարվում:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: