Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2,4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծի մրցույթը կայացել է, չափագրման աշխատանքներն ավարտված են, այժմ ընթանում են նախագծման աշխատանքները, որոնց համար սահմանված է 60 օր: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ այդ ճանապարհի կառուցման նպատակը Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնաթափումն է:
«Պետք է գիտակցենք այս ճանապարհի կառուցման կարևորությունը, որովհետև այս ճանապարհի կառուցումը, հետագայում՝ էստակադի [ուղեանց] կառուցումը, մեզ հնարավորություն են տալու Մյասնիկյանում ունենալ նաև ավտոբուսային գծեր, որովհետև ենթադրվում է, որ այս ճանապարհը Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնվածության էական մի մաս կվերցնի իր վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանից հետո միայն հնարավոր կլինի Մյասնիկյան պողոտան՝ Երևանի ամենաբեռնված փողոցներից մեկը, կահավորել ավտոբուսային գծերով:
«Մեր հիմնական գործողությունների նպատակն այն է, որ մարդիկ, որ երթևեկում են հասարակական տրանսպորտով, որն ավելի տարողունակ է, ավելի քիչ է ծանրաբեռնում մեր փողոցները, այդ մարդկանց համար ստեղծել առավել լավ պայմաններ»,- ասաց Ավինյանը: