Համաշխարհային տնտեսական համաժողովի 2025 թվականի գլոբալ գենդերային անհավասարության ինդեքսում 16 տարի անընդմեջ առաջատարն Իսլանդիան է` ավելի քան 92 տոկոսով:
Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքերը և գտնվում է 59-րդ հորիզոնականում՝ 73.1 տոկոսով, որը համաշխարհային միջինից բարձր է: Սա 2019-ից ի վեր գենդերային հավասարությանն ուղղված պետական ռազմավարության արդյունք է:
Ղեկավար կազմում կանանց ներգրավվածությանը նպաստող բազմաթիվ օրենքներ արդեն գործում են:
Մասնագետները նկատում են՝ խորհրդարանում և կառավարությունում գենդերային հավասարությունը նշանակալիորեն բարձրացել է: Մի շարք կարևոր պաշտոններում կանայք են՝ ՀՀ գլխավոր դատախազ, Ներքին գործերի, Արդարադատության, Առողջապահության, ԿԳՄՍ նախարարներ, Արտաքին հետախուզության ծառայության պետ:
Սակայն տնտեսական ոլորտում դեռևս անելիքներ կան: Այստեղ կանայք ներգրավված են հիմնականում միջին օղակներում և որոշումներ չեն կայացնում:
Հայաստանում ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության պակասը հիմնականում հասարակության ընկալումների խնդիր է համարվում:
Նշվում է, որ սոցիալական ակցիաների անհրաժեշտություն կա, և կարևոր է կանանց ներգրավել նաև արհեստական բանականության ոլորտում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան