Խոսում եք քաղաքական հետապնդման մասին, բայց քաղաքական հետապնդումը գիտե՞ք որն է, քաղաքական հետապնդումը տոնածառ դնելու համար մարդկանց տանելը կալանավորելն է մի քանի տարով: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 7-ի նիստի իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով ընդիմադիր պատգամավորների դիտարկումներին, թե Արծվիկ Մինասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Արթուր Հովհաննիսյանը նաև կարծիք հայտնեց, թե ընդդիմությունն է քաղաքական հետապնդման ենթարկում ՀՀ գլխավոր դատախազին, քանի որ պատսպարվում են ԱԺ քաղաքական ամբիոնով, որը, ըստ պատգամավորի, քաղաքական պատյան է, որպեսզի իրավապահ մարմինների ձեռքերը չհասնեն նրանց. «Բայց ձեր պատյանը հեշտ է կոտրել, երբ կան քրեաիրավական փաստեր»:
Դիմելով գլխավոր դատախազին՝ պատգամավորը նշեց, որ առանձնատների, ամառանոցների մասին այն ընկալումն ունի, որ եթե պետությունն սկսի տնօրինել այդ ապօրինի գույքերը, հանրային հնչեղության իմաստով պետք է միջոցառումներ ձեռնարկվեն՝ դրանց վերաբերյալ հանրային ընկալումը փոխելու և կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունք ձևակերպելու համար:
«Եթե իրավական գործընթացով ապօրինի գույք ճանաչվի Սեյրան Օհանյանի գույքը, տարեցների համար շատ լավ կենտրոն կլիներ Սևանի ափին, որպեսզի մեր տարեցները գնային, հանգստանային պետության փողերով և պետության հաշվին՝ իրենց և իրենց թոռների հաշվին կառուցված առանձնատներում: Մի շարք շենք-շինություններ կան, որ կարող են դառնալ խնամքի կենտրոններ, զվարճանքի կենտրոններ երեխաների համար, սպորտկոմպլեքսներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Նիստի շրջանակում քննարկվելու է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը: