Նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի լինի 3-ից 5 տարեկան երեխաների 85 տոկոսի և 5-ից 6 տարեկան երեխաների 95 տոկոսի համար: Սա ԿԳՄՍ նախարարության Կրթության զարգացման պետական ծրագրի թիրախներից է: 1998-2018 թվականներին ամենա-համեստ հաշվարկներով մոտ 8 հազար երեխա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չի ունեցել: Պատճառը բոլորին է հայտնի. բավական է նշել միայն, որ նույն տարիներին մեր երկրում 45 մանկապարտեզ է օտարվել. սա առկա փաստաթղթերով, իսկ իրականում թիվն ավելին է: Այդ գործարքներին մասնակից են դարձել մի շարք նախկին պաշտոնյաներ և նրանց հետ փոխկապակցված անձինք: Նրանցից շատերը նաև այդ օտարումների որոշումները կայացնողները և/կամ շահառուներն են եղել:
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է քննիչ հանձնաժողովի ձևավորում, որը կուսումնասիրի 2018-ից առաջ օտարված բոլոր մանկապարտեզների պատմությունները: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը մերժել է հանձնաժողովի կազմում աշխատել:
Մինչև այդ, Երևանի մանկապարտեզներում այժմ հերթագրված է 16 հազար երեխա: 43 մանկապարտեզներ վերանորոգման կամ հնի փոխարեն նոր շենք կառուցելու ընթացքի մեջ են՝ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Եվս 40-ը հիմնովին վերանորոգվել է և պատրաստ է ընդունել երեխաներին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում։