Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին: Ռուսական պատվիրակությունը ներկայացնում են Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը նաև 2022 թվականի ստամբուլյան բանակցություններում, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և ոլորտային փորձագետներ: Բանակցություններին ընդառաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ռուսական պատվիրակության անդամներին:
Ակնկալվում է, որ ուկրաինական կողմը ներկայացնելու են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան և արտգործնախարար Անդրիյ Սիբիհան, որը Թուրքիայում արդեն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկնել է Թուրքիա, սակայն նա Անկարայում հանդիպելու է միայն Ռեջեփ Էրդողանի հետ: Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ բացի Վլադիմիր Պուտինից ռուսական պատվիրակության այլ ներկայացուցիչների հետ հանդիպել չի պատրաստվում: Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել էր, որ կմասնակցի բանակցություններին, միայն եթե Ռուսաստանի նախագահը որոշի մեկնել Ստամբուլ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ անհրաժեշտության դեպքում մասնակցելու ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններին։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: