Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր կայցելի Ադրբեջան։ Այցին ընդառաջ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Փեզեշքիանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի Իրանի համար՝ նշելով, որ երկու երկրները շատ բան կարող են անել իրար համար:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է երկրների ինքնիշխանությունը, իրավունքները և տարածքային ամբողջականությունը հարգելը։
«Յուրաքանչյուր կողմ պետք է բավարարվի իր ունեցածով և չհավակնի մյուսի տարածքին։ Հակամարտությունն առաջանում է, երբ կողմերից մեկը ցանկանում է զավթել մյուսի հողերը։ Մենք հարգում ենք երկրների տարածքային ամբողջականությունը։ Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները կլուծվեն՝ որպես հիմք ընդունելով միջազգային իրավունքը»,- նշել է Մասուդ Փեզեշքիանը՝ հավելել՝ Թեհրանի ջանքերն ուղղված են, որ երկու հարևան երկրներն ապրեն բարիդրացիության և խաղաղ համակեցության պայմաններում։
Իրանի նախագահը, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը և հարևան պետությունների տարածքի նկատմամբ հավակնությունների բացառումը: Նա շեշտել է, որ անդրսահմանային հաղորդակցությունների հարցերը պետք է լուծվեն բացառապես բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով: «Իրանը Ադրբեջանին իր տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ է տրամադրում, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»,- հավելել է Փեզեշքիանը:
Մանրամասները՝ տեսանյութում: