Գրենլանդիայի բնակիչները պատրաստվում են տեղական ընտրություններին, որոնց պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բազմիցս արած հայտարարություններն են, թե Դանիային պատկանող կղզին կարող է և նույնիսկ պե՛տք է դառնա ԱՄՆ-ի մաս։
56 հազար բնակիչ ունեցող, երկրագնդի ամենամեծ կղզու խորհրդարանն ունի ընդամենը 31 պատգամավոր՝ վեց կուսակցությունից։ Նրանց շարքում կան Միացյալ Նահանգների հետ մերձեցման կողմնակիցներ՝ առնվազն ԱՄՆ-ի հետ ասոցացման մակարդակով, մի մասն էլ հանդես է գալիս Դանիայից անկախանալու օգտին, բայց առանց ԱՄՆ-ի ազդեցության: Բոլոր քաղաքական շարժումների ներկայացուցիչները կարծում են, որ համաշխարհային հանրության սևեռուն ուշադրությունը կօգնի հասնել իրենց նպատակներին։
Գրենլանդիայի վարչապետն ավելի վաղ, ի պատասխան Թրամփի խոսքերի, ասել էր, որ կղզու բնակիչները դանիացիներ կամ ամերիկացիներ չեն և ունակ են ինքնուրույն որոշելու իրենց ճակատագիրը։ Նա չի բացառել ընտրություններից հետո անկախության հանրաքվեի անցկացումը: Նման քայլը թույլատրվում է 2009 թվականի դրույթներով, երբ գրենլանդացիները քվեարկել են Դանիայի Թագավորության կազմում զգալի ինքնավարության օգտին։