Երկուշաբթի՝ մարտի 10-ին, ուժի մեջ են մտել չինական նոր մաքսատուրքերը ԱՄՆ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Ամերիկյան մի շարք գյուղմթերքների համար սահմանվել են 10-15 տոկոս տուրքեր։ Դա արվել է ի պատասխան ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի հերթական բարձրացմանը։
Փետրվարի սկզբից արդեն գործում էր 10 տոկոս մաքսատուրք ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների համար, իսկ անցած շաբաթ այն հասցվել է 20 տոկոսի։ Ի պատասխան՝ Պեկինը հայտարարել է ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի նոր մաքսատուրքերի մասին։
Չինաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ սահմանվող լրացուցիչ 15 տոկոս մաքսատուրքերը վերաբերում են ԱՄՆ-ից ներմուծվող հավի մսին, ցորենին, եգիպտացորենին և բամբակին։ 10 տոկոս սակագին է սահմանվել սորգոյի, սոյայի, խոզի, տավարի, ձկան, մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի համար։
Մինչև մարտի 10-ը առաքված և մինչև ապրիլի 12-ը Չինաստան հասած ապրանքները չեն ենթարկվում նոր մաքսային կանոններին։