ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժումը սպառնում է սպանել պատանդներից մի քանիսին, եթե Իսրայելը վերսկսի մարտերը Գազայի հատվածում։ «Պաղեստինի ժողովրդի դեմ ագրեսիայի ցանկացած սրացում կհանգեցնի մի շարք առևանգվածների սպանության»,- հինգշաբթի տեսաուղերձում ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբու Ուբեյդան։
Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ Գազայում իսլամիստները շարունակում են պահել 24 պատանդի և առևանգվածների 35 դի։ Կենդանի գերիների թվում, ըստ իսրայելական կողմի տեղեկությունների, կա Իսրայելի և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող երիտասարդ զինծառայող և Թաիլանդի քաղաքացի:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի առաջին փուլն ավարտվել է մարտի 1-ին, սակայն կողմերը դեռ չեն պայմանավորվել երկարաձգելու համաձայնագիրը։ Իսրայելը պատրաստվում է ուժեղացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսմամբ, եթե պաղեստինյան շարժումը պատանդներին ազատ չարձակի։
Միաժամանակ Գազայի հատվածում պատանդների ընտանիքները Թել Ավիվում բողոքի ցույցեր են անցկացրել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ համաձայնության հասնելու համար: