ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատերազմին վերջ դնելու հարցում իր համար «ավելի հեշտ է» գործ ունենալ ՌԴ-ի, քան Ուկրաինայի հետ, և որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ փոխըմբռնում կա։ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հանդես է եկել ասուլիսով, ասել․
«Անկեղծ ասած, ինձ համար ավելի ու ավելի դժվար է Ուկրաինայի հետ գործ ունենալ․ նրանք հաղթաթղթեր չունեն։ Հնարավոր է՝ Ռուսաստանի հետ ավելի հեշտ լինի»։
Թրամփը նաև հայտարարել է, թե հասկանում է՝ ինչու են ՌԴ ուժերն Ուկրաինայի զանգվածային ռմբակոծման դիմել մարտի 7-ի գիշերը։
«Իրականում ես կարծում եմ, որ Պուտինն անում է այն, ինչ իր փոխարեն կաներ ցանկացած մարդ»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին՝ ինչու Ուկրաինային զենք չի տրամադրում, որ վերջինս կարողանա պաշտպանվել ռուսական ռմբակոծումներից, Թրամփը նշել է, թե վստահ չէ, որ ուկրաինացի առաջնորդները ցանկանում են ավարտել պատերազմը։
«Ես պետք է իմանամ, որ նրանք ցանկանում են կարգավորել իրավիճակը»,- ասել է նա։
Թրամփը նաև անդրադարձել է ՌԴ նախագահի հետ իր հարաբերություններին, նշել, որ Պուտինի հետ միշտ լավ հարաբերություններ է ունեցել։
«Գիտեք, նա ցանկանում է ավարտել պատերազմը։ Կարծում եմ՝ նա ավելի առատաձեռն կլինի, քան պետք է լիներ, ու դա շատ լավ է։ Ես նրան հավատում եմ»,- ասել է Թրամփը։
Նա նաև ընդգծել է՝ եթե ինքը նախագահ չլիներ, այս պատերազմն ավարտվելու շանսեր չէր ունենա։