ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել պարզել, թե ինչ նպատակներով են օգտագործվել Վաշինգտոնի կողմից Կիևին որպես ֆինանսական օգնություն հատկացված գումարները՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին:
«Ժամանակն է պարզել, թե ինչ է եղել այդ ամբողջ գումարը: Ուկրաինայի նախագահը հայտարարում է, թե չգիտի որտեղ է փողի կեսը, կամ նման բան»,- ասել է Թրամփը հինգշաբթի՝ ելույթ ունենալով Մայամիում կայացած ներդրումային համաժողովում։
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը, որի խնդիրն է կրճատել ծախսերը, համաձայնել է Ուկրաինա ուղարկված ամերիկյան միջոցների աուդիտ անցկացնել։
Թրամփի մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի հատկացված միջոցների ծախսման վերաբերյալ, կապված է Զելենսկու հարցազրույցի հետ, որը հրապարակել է AP գործակալությունը՝ փետրվարի 2-ին: Այն ժամանակ Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ Միացյալ Նահանգների քաղաքական գործիչներից է լսել «Ուկրաինային 177 միլիարդ դոլարի օգնություն տալու մասին»:
«Ես չգիտեմ, թե որտեղ է այդ ամբողջ գումարը, գուցե դա ճիշտ է թղթի վրա, միգուցե կան հարյուրավոր տարբեր ծրագրեր, մենք չենք վիճում և շնորհակալ ենք ամեն ինչի համար, բայց որպես նախագահ ասում եմ և արձանագրում եմ՝ մենք ստացել ենք ավելի քան 70 միլիարդ դոլար, սա մեծ օգնություն է, բայց 200 միլիարդ չէ»,- ասել է Զելենսկին: