Ուկրաինան պետք է Չինաստանին առաջարկի պայմանագիր կնքել հանքավայրերի վերաբերյալ՝ անվտանգության երաշխիքներով, իսկ հետո չինական պայմանները համեմատել ամերիկացիների առաջարկների հետ։ Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Մաքսիմ Բուժանսկին։
«Որպեսզի եզրակացնենք, թե արդյոք ընդունելի է օգտակար հանածոների մասին համաձայնագիրը, պետք է դիտարկել այլ առաջարկներ, օրինակ՝ Չինաստանից: Հատկապես որ, ամերիկյան տարբերակը դեռևս ոչ մի երաշխիք սկզբունքորեն չի նախատեսում»,- գրել է Բուժանսկին:
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շահագրգռված է Ուկրաինայից հազվագյուտ հողային մետաղներ ստանալու հարցում։ Զելենսկին էլ հայտնել էր գործարք կնքելու իր պատրաստակամությունը:
Սակայն փետրվարի 14-ին Մյունխենում Կիևի իշխանությունները մերժեցին Ուկրաինային օգնություն տրամադրելու ԱՄՆ վարչակազմի ծրագիրը՝ Վաշինգտոնին ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների 50%-ի իրավունքը ստանալու դիմաց։ Զելենսկին նշել է, որ առաջարկվող համաձայնագրում անվտանգության երաշխիքներ չկան, և Կիևն աշխատում է հակաառաջարկի վրա: