Եվրոպական երկրների քաղաքական գործիչները, նույնիսկ նրանք, որոնք գաղափարապես մոտ են Թրամփին, հայտարարել են, որ Գազայի հատվածը «մերձավորարևելյան ռիվիերայի» վերածելու ժամանակ ԱՄՆ-ի «հսկողությանը» հանձնելը և 1,8 միլիոն պաղեստինցիների զանգվածային վերաբնակեցումն այլ երկրներ՝ առանց վերադարձի հստակ հեռանկարի, կվտանգի «Երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» բանաձևը։
«Գազայի հատվածից պաղեստինցի խաղաղ բնակիչների վտարումը ոչ միայն անընդունելի է ու հակասում է միջազգային իրավունքին, այլև կհանգեցնի հետագա տառապանքների և էլ ավելի մեծ ատելություն կառաջացնի»,- ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը:
«Գազայի ապագան պետք է որոշվի ոչ թե երրորդ պետության վերահսկողության, այլ պաղեստինյան պետության ապագայի շրջանակում՝ Պաղեստինի ինքնավարության հովանու ներքո»,- ընդգծել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն:
Իսպանիան և Իռլանդիան՝ երկու երկիր, որոնք անցյալ տարի ճանաչել են Պաղեստինի պետականությունը, դեմ են արտահայտվել Թրամփի անակնկալ առաջարկին, որն, ըստ նրանց, տապալում է տասնամյակների ամերիկյան արտաքին քաղաքականությունը:
«Մեզ պետք է երկու պետության վրա հիմնված որոշում, Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդները իրավունք ունեն կողք կողքի ապրել անվտանգ պետություններում, և հենց դրա վրա պետք է կենտրոնանալ»,- ասել է Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Հարիսը:
Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է, որ Գազայի բնակիչներին պետք է հնարավորություն տալ ապրել իրենց տարածքում: Նրա խոսքով՝ ամենակարևոր հարցը Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև փխրուն հրադադարի պահպանումն է:
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին ասել է, որ Հռոմը կվերանայի Թրամփի ծրագիրը, հավելել, որ վարչապետ Ջորջիա Մելոնին շարունակում է կողմ լինել երկու պետության ստեղծմանը: Այս որոշմանը կողմ է արտահայտվել նաև Նիդերլանդների արտգործնախարարը:
Euronews-ը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ եվրոպացիները դատապարտում են Թրամփի ծրագրերը։ Նրա առաջարկը՝ գրավել Գրենլանդիան, նույնպես խիստ քննադատության է արժանացել։
Լրատվականը միաժամանակ ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը դեռ չի մեկնաբանել Թրամփի խոսքերը: