Թուրքիայի իշխանություններն արգելել են մայիսմեկյան ցույցը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում։ Այդ մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։
«Մինչ օրս Աշխատանքի և համերաշխության օրվա կապակցությամբ երկրի 55 նահանգում 103 միջոցառում անցկացնելու հայտ է ներկայացվել, բոլորը բավարարվել են։ Բացառություն է Ստամբուլը, որը 2023 թվականին ընդունել է 17,5 միլիոն զբոսաշրջիկ և համարվում է մեր երկրի կրթության, մշակույթի, արվեստի, առևտրի և արդյունաբերության կենտրոնը»,- լրագրողներին ասել է նախարարը։
Մի շարք արհմիություններ դիմել են Թաքսիմ հրապարակում զանգվածային ցույցեր անցկացնելու համար: Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ մայիսի 1-ին արհմիությունների ներկայացուցիչները կարող են ծաղիկներ դնել Հանրապետության հուշարձանին, որը կանգնեցվել է Թաքսիմում՝ ի հիշատակ 1923 թ. Թուրքիայի Հանրապետության կազմավորման, և հայտարարություն անել ԶԼՄ-ների համար: Հրապարակում և հարակից տարածքում այլ միջոցառումներն արգելվում են:
Նախարարի խոսքով՝ Ստամբուլում 40 տեղ է հատկացվել մայիսմեկյան միջոցառումների համար։ Քաղաքում անվտանգությունն ապահովելու է ավելի քան 42 հազար ոստիկան։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ղեկավար Օզգյուր Օզելը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդես գալ որպես Թաքսիմում մայիսմեկյան հանգիստ ցույցի երաշխավոր։ Նա հայտնել է, որ պատրաստ է այդ հարցը քննարկել նախագահ Էրդողանի հետ։