Հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի մոտ տեղի կունենա Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողով։ Ռուսաստանը ներկա չի լինի: Բեռնում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Վլադիմիր Խոխլովն ավելի վաղ ասել էր, որ Շվեյցարիան Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել ՌԴ-ին:
Դիվանագետը միաժամանակ նշել էր, որ Մոսկվան ամեն դեպքում չի մասնակցի, քանի որ կազմակերպիչները ներկայացնելու են Ռուսաստանի համար անընդունելի «խաղաղության բանաձևը»: Ըստ Մոսկվայի՝ այն ոչ կենսունակ է և հաշվի չի առնում ռուսական շահերը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացն առանց Ռուսաստանի մասնակցության անիմաստ է:
Եվրամիությունը, հակառակը, իր աջակցությունն է հայտնել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի անցկացմանը և ակնկալում է մասնակցել դրան։