Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը «Տոտալ վերահսկողություն. ընտրությանն ընդառաջ Ադրբեջանի բանտերը լցված են լրագրողներով և այլախոհներով» վերտառությամբ զեկույց է հրապարակել:
Կազմակերպությունը նշում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում ակտիվիստները, արհմիությունների ներկայացուցիչները, լրագրողները ենթարկվում են բռնաճնշումների:
«Իսկ այդ ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի ինքնավստահություն աճում է: Նա հրապարակավ պայքարում է Միացյալ Նահանգների դեմ, մարտահրավեր նետում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և տոնում ավելի քան 100.000 հայերի արտաքսումը Լեռնային Ղարաբաղից»,- ասված է հրապարակման մեջ:
Ըստ Կենտրոնի՝ Ալիևը նշանակել է արտահերթ ընտրություն, որի ելքն ակնհայտ է։ Այն կանցնի քննադատությունից և ընդդիմությունից մաքրված միջավայրում։ Նշվում է, որ Ալիևի կոռումպացված և բռնապետական քաղաքականությունը տարեցտարի միայն ամրապնդվել է, ինչին նպաստել են նաև բազմաթիվ ընտրախախտումները:
«Տարիների ընթացքում Ալիևն ապացուցել է, որ կարողանում է հմտորեն օգտագործել Ադրբեջանի տնտեսության զարգացման համար նախատեսված գումարները՝ իր ընտանիքը հարստացնելու և մարդու իրավունքների խախտման դեպքերից միջազգային դերակատարների ուշադրությունը շեղելու համար»,- նշվում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնի հրապարակման մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: