Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պետք է փոխզիջման հասնեն էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման համար։ Այդ մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այսօր ակնհայտ է, որ չկա անդամ երկրների հստակ միասնական մոտեցում՝ էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման և զարգացման հեռանկարների տեսանկյունից:
Վստահ եմ, որ առանց բացառության ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը կտա մի շարք առանցքային առավելություններ՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Դա հաշվի առնելով՝ կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը»,- նշել է Հայաստանի Կառավարության ղեկավարը։