ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39%-ով և կազմել 7,8 մլրդ դոլար։ Այդ մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ առանցքային տնտեսական ցուցանիշների և անդամ պետությունների փոխգործակցության ելակետային բազայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի հետագծով։ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել շուրջ 7,8 մլրդ դոլար։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը՝ 37,5%-ով»,- ասել է նա: