ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Ամէլիտ» ՍՊԸ-ին (Արարատի մարզ, գ․ Գեղանիստ) պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը չի չբացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակած խաչաձև աղտոտումը.
- չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն.
- արտադրամասը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը, անցանկալի բորբոսի առաջացումը, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
- կառույցն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը չորացնելու համար նախատեսված սարքով, անձնակազմի համար՝ հանդերձարանով:
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։