Նոյեմբերի 27-29-ը Հայաստանում էր ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
«ԵՄ-ն և Հայաստանը հավատարիմ են գործընկերության կառուցմանը, որը շոշափելի օգուտներ կբերի քաղաքացիներին: Մասնակիցները քննարկել են համագործակցության հետագա ամրապնդման և բարեփոխումների իրականացման ուղիները, այդ թվում՝ ներդրումների միջոցով inter alia, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, հետազոտությունների և նորարարության ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել առ այն, թե ինչպես լավագույնս օգտագործել ներդրումները՝ տեղահանված Ղարաբաղի հայերի հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց ինտեգրումը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:
Եվրոպական միությունը և Հայաստանը հետաքրքրված են շարունակել համագործակցությունը արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ուղղությամբ և ամրապնդել համագործակցությունը միգրացիայի և շարժունակության ուղղությամբ, ինչպես նաև ուսումնասիրել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության հնարավոր մեկնարկի հեռանկարները: Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ Frontex-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։
Այցի կապակցությամբ ազդարարվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։
Հարթակը կմիավորի ԵՄ-ին, Հայաստանի կառավարությանը և միջազգային ֆինանսական հաստատություններին, և այն կօգնի էլ ավելի մեծացնել ԵՄ ներդրումները Հայաստանում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում, որի միջոցով Հայաստանում արդեն իսկ մոբիլիզացվել են մինչև 500 միլիոն եվրո ծավալի ներդրումներ։ Հարթակի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են երկու նոր ծրագրեր՝ ուղղված Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ համագործակցությամբ մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ աջակցությանը հայկական ՓՄՁ-ներին:
Եվրոպական միությունը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիմքի վրա։ Արտաքին հարաբերությունների խորհրդի նոյեմբերի 13-ի քննարկումների արդյունքներով՝ ԵՄ-ն նաև կամրապնդի Հայաստանում ԵՄ առաքելությունը։
Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Frontex-ի ներկայացուցիչները միացել էին ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին։
Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին և համապատասխան ոլորտների փոխնախարարներին։ Նրանք նաև մտքեր են փոխանակել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև «հողի վրա» գործող Միացյալ Ազգերի Կազմակերպության ներկայացուցիչների հետ»,- ասված է ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: