Ինչպիսին կմնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կամ ինչպիսին կցանկանա մնալ: Այս հարցին պատասխանելով՝ վարչապետը նշեց.
«Ցանկացած երկրի վարչապետ էլ իր երկրի համար որոշակի պատմական դեմք է, ինչպիսին կերևամ՝ կախված է նրանից, թե ով կգրի պատմությունը: Վերադառնանք մեր պատմությանը. ավանդական պատմագրության մեջ ամենանեգատիվ, սատանայական, ազգային արժեքների, ավանդույթների դեմ, համարյա նեռի հետ գործակցող՝ Պապ թագավորն է: Երբ գրվում է Պապ թագավորի մասին, գնահատականն է՝ անբարո, մեղսագործ, երբ էդ մարդու գործերը նայում ես հենց իրեն վատաբանող պատմիչի շարադրանքի մեջ, ասում ես՝ Պապ թագավորը մեր պատմության բացառիկ պետականամետն է»:
Հետևաբար, ըստ վարչապետի, մեծ դեր ունի, թե ով կգրի պատմությունը:
«Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ես կլինեմ հերթական նեռը, դավաճանը, հողատուն, ինչ ուզեք, իսկ եթե կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն: Ստացվեց, թե չէ, դա արդեն պատմությունը ցույց կտա»,- ասաց նա: