Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում:
Այս մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նա բարձր է գնահատել մինչ օրս բռնի տեղահանված բնակչության խնդիրները լուծելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու երկու երկրների միջև երկխոսությունը առողջապահության մի շարք ուղղություններով`

հանրային առողջապահություն.

բժշկագիտություն.

մոր և մանկան առողջության պահպանում.

առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում.

գիտելիքի և փորձի փոխանակման ծրագրեր:
Այս ուղղություններով նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր: