44-օրյա պատերազմում երկու որդիներին՝ Սամվելին և Նարեկին կորցրած Ղազարյանների ընտանիքում նոր ծնունդ է եղել: Նորածնին անվանել են ավագ որդու՝ Սամվելի անունով, որը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը: Ամուսինները դիմել են անպտղության հաղթահարման պետական ծրագրին՝ օգտվելով փոխնակ մոր ծառայությունից:
Սպիտակ վերնաշապիկներով, կոկիկ հագնված այս տղաները առավոտից Էջմիածնի ծննդատան դիմացն էին՝ դիմավորելու 44-օրյա պատերազմում զոհված Սամվել և Նարեկ Ղազարյանների նորածին եղբորը՝ կրտսեր Սամվելին։
Վահագն Թորոսյան (զոհված Սամվել Ղազարյանի ուսուցիչը) - Շատ հուզված եմ: Երբ այս օրվա մասին պլանավորում էինք, իմ վերջին խոսքը աշակերտներիս եղել է՝ Սամվելը ծնվել է։
Տղաները բանակ էին գնացել մեկ տարվա տարբերությամբ, զոհվել՝ գրեթե միաժամանակ։ Սամվելը՝ Ջրականում՝ մարտական առաջադրանք կատարելիս, Նարեկը՝ Հադրութի մոտակայքում։ Սամվելը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, նաև պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ Նարեկը՝ «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։
Գեղամ Ղազարյան (նորածնի հայրը) - Մենք՝ ծնողներով, պայքարում ենք, նրա համար, որ այս սերունդը չարժանանա այն բախտին, ինչին արժանացան մեր տղերքը։ Իրենք պետք է ապրեն։ Երեք տարի է՝ պայքարի մեջ եմ, այս երեխան ինձ պահեց... Հասկացա, որ պետք է ապրեմ, իրեն ապրեցնեմ։
Ամուսիններն օգտվել են անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրից։ Սկզբում փորձել են երեխա ունենալ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, չի ստացվել։ Բժիշկների խորհրդով՝ օգտվել են փոխնակ մոր ծառայությունից։
Նուշիկ Մուրադյան (նորածնի մայրը) - Ինձ համար սկզբից էլ ցանկալի է եղել, պապայի համար էր մի քիչ դժվար, հետո համաձայնության եկավ։
Նորածին որդին մոտ 50 տարեկան ծնողներին նորից ապրելու ուժ է տվել։ Փոքրիկը, որ արտաքնապես Նարեկին է նման, բայց ավագ եղբոր անունն է կրում, վերաիմաստավորել է Գեղամի և Նուշիկի կյանքը։
Գեղամ - Որոշել եմ՝ Սամվելից հետո Նարեկն է ծնվելու։
Նուշիկ - Նարեկն ինձանից կնեղանա, եթե ինքը չծնվի․ երազումս Սամվելը եկավ, ասաց՝ մամ, շորերս բաժանել ես, շորեր առ, տուն եմ գալու, շոր չունեմ, որ հագնեմ։ Դա անցավ, մեկ շաբաթ հետո Նարեկին տեսա, ասաց՝ գիտե՞ս, ես էլ եմ գալու, ինձ համար էլ շորեր կառնես։
Փոքրիկ Սամվելը ծնվել է կեսարյան հատումով, կշռում է 3 կգ 350 գրամ, հասակն էլ 52 սմ է։ Նրա լույս աշխարհ գալուն անհամբեր են սպասել նաև Էջմիածնի ծննդատանը, որտեղ մոտ 20 տարի Նուշիկը բուժքույր է աշխատում:
Ռուզաննա Կիրակոսյան - Նորածնային բաժանմունքի նեոնատոլոգ: Երբ որ մեր բժշկուհիները երեխային ճիչով դուրս բերեցին, մեր ամբողջ կոլեկտիվը ծափերով ողջունեց, որովհետև երկու տղա կորցնելուց հետո ունենում ենք Նուշիկի բալիկին։
Ծննդատան դիմաց հավաքվածները փոքրիկին ու նրա ծնողներին ծափերով դիմավորեցին։ Մեկ, գուցե երկու տարի անց Նուշիկն ու Գեղամը, հնարավոր է, կրկին դիմեն անպտղության հաղթահարման պետական ծրագրին։
Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան