Հայաստանի Հանրապետությունում գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման և մատակարարների ու առևտրային ցանցերի իրավահարաբերությունները հստակեցնելու համար օրենքով նոր կարգավորումներ կսահմանվեն. նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ մեր երկրում միջին բիզնեսի շահերը պաշտպանելու, շուկան բարելավելու և մրցակցության հետ կապված խնդիրները վերացնելու նպատակով Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են հանձնաժողովի անդամներ Հովիկ Աղազարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հայկ Ցիրունյանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և մի քանի տնտեսվարողներ:
Գեղամ Գևորգյանի տեղեկացմամբ՝ կարգավորումը բոլորի գաղափարն է, հաշվի են առնվել թե՛ ՓՄՁ-ների խորհրդի մտահոգությունները, թե՛ բիզնեսի կարիքները, թե՛ տարբեր երկրների փորձը:
«Կարգավորումը հետևյալն է՝ ՀՀ-ում գյուղմթերք արտադրողների ապրանք գնելու պարագայում պետք է վճարել 30 օրվա ընթացքում, առևտրային ցանցերը պարենային ապրանքի գնման դեպքում պետք է վճարեն 30 օրվա ընթացքում, ոչ պարենայինի դեպքում` 60 օրվա ընթացքում: Չվճարման չափը մեկ մատակարարի ու մեկ առևտրային ցանցի համար կարող է լինել ոչ ավելի, քան 3 մլն դրամը»,- հայտնել է ՄՊՀ նախագահը:
Ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ բիզնեսի տարբեր բնագավառներ ունեն իրենց կարծիքը կարգավորման վերաբերյալ:
Խոշոր տնտեսվարողները՝ առևտրային ցանցերի ներկայացուցիչները, հայտնել են, որ ուզում են մատակարարված ապրանքի համար վճարումները հնարավորինս ուշ անել: Տնտեսվարողների խոսքով՝ կարգավորումն անհարմարություններ է պատճառելու իրենց. մատակարարներն ու առևտրային ցանցերը, առանց որոշման էլ, կարողանում են կարգավորել իրենց հարաբերությունները:
Ամփոփելով հանդիպումը՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ մինչև նախագծի մշակումը նման հանդիպումները շարունակական կլինեն, քանի որ կարևոր է լսել բոլոր ոլորտների ներկայացուցիչների կարծիքները, որ օրենքի ընդունումից հետո տարընթերցումներ չառաջանան: