Ներկայումս Հայաստանում բույսերի նոր սորտերի բուծողների իրավունքների պահպանությունը պատշաճ չի իրականացվում և արտադրական նպատակներով առանց բուծողի թույլտվության բազմացվում են այլ երկրներից ներմուծված սորտեր: Արդյունքում, վստահության բացակայությամբ պայմանավորված՝ մեր երկրում բուսաբուծության ոլորտի տնտեսվարողների համար մեծ պահանջարկ ունեցող մրցունակ սորտերի ձեռքբերումը հասանելի չի լինում, սելեկցիոն գործունեությունը գրավիչ չէ: Միևնույն ժամանակ, սերմնարտադրությամբ և տնկարանային արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ընկերությունների համար ստեղծվում են խոչընդոտներ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշված խնդիրները լուծելու նպատակով հստակ սահմանված իրավական կարգավորումների ապահովման և Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն անդամակցելու համար Կառավարությունը ներկայացրել է մի շարք փոփոխություններ և լրացումներ: Ըստ նախարարի տեղակալի՝ կհստակեցվեն և կհամապատասխանեցվեն բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման և արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Նախագծի նպատակն է այլ երկրների բուծողների իրավունքների պահպանության երաշխիքի առկայությունը, որը հնարավորություն կտա օտարերկրյա բուծողների կողմից ստեղծված մրցունակ սորտերը ներդնել հանրապետությունում՝ բարձրացնելով արտադրողականությունը: Բույսերի նոր սորտերի իրավական պահպանության շնորհիվ Հայաստանում բուծողի գիտական-սելեկցիոն գործունեությունը կդառնա շահութաբեր:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, կարևորելով սելեկցիոն կայաններում ճիշտ աշխատանքների իրականացումը, նշել է, որ այդ ուղղությամբ հստակ ռազմավարություն պետք է մշակել, ներդնել համակարգում անհրաժեշտ ֆինանսներ, որպեսզի գյուղատնտեսության մեջ առկա բազմաթիվ խնդիրները լուծվեն:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: