Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ մեր երկրի բարդ պատմության պատճառով սովորել ենք նորմալ հարաբերություններ չունենալ մեր որոշ հարևանների հետ, ապա ավելացրել՝ Հայաստանն այժմ գրեթե ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Նա հայտարարել է՝ դա պետք է փոխել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դա փոխելը մեր երկրի համար կենսական և կարևոր նշանակություն ունի: Շատ պարզ է թվում, սակայն դրա իրականացումը տասնյակ խնդիրների հետ է կապված. կան մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հոգեբանական: Հայ հասարակության համար նման ուղերձը դյուրամարս չէ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ասել՝ կառույցի հեղինակությունը Հայաստանում զգալի բարելավվեց, երբ որոշվեց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան: Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այդ փաստից հետո հայ ժողվուրդը հասկացել է, որ Եվրամիությունը անհանգստացած է Հայաստանի անվտանգությամբ:
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում ԵՄ-ն Հայաստանի գլխավոր գործընկերն է, նաև հույս է հայտնել, որ կարագացվի Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի աջակցություն տրամադրելու գործընթացը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանից ՌԴ արտահանման ծավալների աճին՝ ԵՄ-ի` ՌԴ-ի դեմ կիրառած պատժամիջոցների համատեքստում:
«Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում, և շատ ապրանքներ, որոնք ուղղակիորեն մատակարարվում էին Ռուսաստան, այժմ այնտեղ են գնում Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ ռուսական շուկայում բաց տեսնելու դեպքում, Հայաստանը բավարարում է պահանջարկը:
Նիկոլ Փաշինյան - Օրինակ՝ խմիչքները, որոնք ենթակա չեն պատժամիջոցների, խնդիր չեն: Մինչև 2022 թվականի փետրվարը դրանք գնում էին Լեհաստանով ու Բելառուսով, հիմա գնում են Հայաստանով։ Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ։ Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան։ Այսպիսով, ստեղծվեցին բոլորովին նոր լոգիստիկ երթուղիներ, այդ թվում՝ նաև Հայաստանի տարածքով։ Բայց պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել, համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ, և հայկական բիզնեսը սիրով է մասնակցում այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջին շրջանում։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են, և մենք դա շատ հստակ ասում ենք ռուսական կողմին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ հայտնվել պատժամիջոցների տակ։
Պատասխանելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՀՀ ժամանած քաղաքացիների մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եկածների մեծ մասը երկքաղաքացի է՝ Հայաստանի և Ռուսաստանի, և միայն 30 հազարն է, որ միայն Ռուսաստանի քաղաքացի է:
Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական աճի մեջ նրանք ներդրում են ունեցել, քանի որ բարձր որակավորում ունեցող և հիմնականում նորարարական տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մասնագետներ են: