Նոր պետհամարանիշներ, վաճառքի նոր կարգ: ՆԳՆ-ն առաջարկում է հերթական, ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների տեսակներին ավելացնել ևս մեկը՝ առանձնահատուկ: Գործող օրենսդրությամբ՝ հերթական համարանիշը անվճար է՝ քաղաքացին միայն պետական տուրք է վճարում, ցանկալի ու մեծ պահանջարկ ունեցող համարների գինը սկսում է 36 հազար դրամից, հասնում մինչև 8 մլնի: Առանձնահատուկ համարները կվաճառվեն աճուրդով, իսկ դրանց մեկնարկային արժեքը, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր կլինի մեծ պահանջարկ ունեցողներից: Գնացուցակը, չափորոշիչներն ու աճուրդի կարգը կսահմանի Կառավարությունը, երբ ԱԺ-ն ընդունի օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Հայկ Վարդանյան (ՀՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ) - Այդ համարանիշների տեսքը, կառուցվածքը չեն փոխվելու, երկնիշ և եռանիշ թվերի ու երկու լատինական տառերի համադրություն է պարունակելու, ուղղակի այս պարագայում համարանիշները ունենալու են 0-ներով թվեր՝ երկնիշ կամ եռանիշ թվերը լինելու են 0-ներով, համարանիշներն էլ լինելու են ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց հատկացման ենթակա:
Հայկ Վարդանյանը պնդում է, որ նման փոփոխության հիմքը քաղաքացիների առաջարկներն են եղել: Ամենապահանջվածը՝ ամբողջությամբ 0-ներով ու լատինատառ Օ-երով պետհամարանիշն է: Առանձնահատուկ մոտ 50 հազար համար կլինի:
ՃՈ-ում ուսումնասիրել են նաև միջազգային փորձը. նման հաջողած օրինակներ կան ինչպես ԱՊՀ, այնպես եվրոպական մի շարք երկրներում: ՃՈ իրավաբանը նաև աշխարհում տարածված մեկ այլ տենդենցի է անդրադառնում, երբ համարանիշը միայն տառեր է պարունակում: Նշում է՝ դրա պահանջարկը մեր երկրում ևս կա, բայց հնարավոր չէ իրագործել:
Հայկ Վարդանյան - Վիեննայի կոնվենցիան, որին միացել է նաև ՀՀ-ն, սահմանում է հստակ պահանջ համարանիշների տեսանկյունից, չի կարող հաշվառման համարանիշն ունենալ միայն անվանման գրառում: Նույնիսկ եթե նման գրառում ունենա համարանիշը, էդ համարանիշով տրանսպորտային միջոցը չի կարող երթևեկություն իրականացնել ՀՀ սահմաններից դուրս:
Առանձնահատուկ համարանիշների վաճառքից նաև բյուջե հավելյալ մուտքեր են նախատեսվում, ընդ որում՝ միլիարդների հասնող, թիվը հստակ չէ, քանի որ հաշվարկված է նվազագույն աճուրդային արժեքով: Փոփոխությունները, եթե ԱԺ-ը հաստատի, մի քանի ամիս անհրաժեշտ կլինի, որ ՃՈ-ն տեխնիկապես պատրաստվի 0-ներով համարների մուտքին: