Սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ու զբաղվածության ապահովման հնարավորություն 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մասնակիցների համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը գործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակում շահառուների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն: Այս ծրագիրն արդեն պիլոտային տարբերակով իրականացվել է Հայաստանի մարզերից մեկում, այժմ որոշել են ընդլայնել աշխարհագրությունը.
Մխիթար Հայրապետյան («Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մենք Կառավարության և նախարարության հետ սերտորեն համագործակցում ենք ծրագրի շրջանակում: Իրականացվել է Շիրակի մարզում, ավարտից հետո մենք երկու կողմերով՝ «Իմ քայլը» հիմնադրամը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որոշում կայացրինք ծրագիրը ներդնել նաև Արմավիրի և Լոռու մարզերում՝ նկատի ունենալով ծրագրի արդյունավետությունը, որը չափազանց դրական էր և գոհացնող:
Նմանատիպ ծրագրեր նախարարությունը նախկինում էլ է իրականացրել, սակայն այս մեկն առանձնանում է նրանով, որ միայն վերապատրաստման, կարիքների գնահատման կամ բիզնես աջակցություն չի ենթադրում. շահառուներին գերատեսչությունն ու հիմնադրամը աջակցելու են ծրագրի ամբողջ ընթացքում:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Այսինքն՝ ոչ միայն գաղափարի հղացման, դրա կայացման, բիզնեսի ստեղծման, այլ նաև ուղեկցվում է, որ իր արտադրանքը նաև կարողանա շուկայում որոշակի մրցունակություն ունենա, և սա ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Սա զուտ ծրագիր չէ, այլ մենք շարունակական զարգացման հնարավորություն ենք փորձում տալ:
Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումների ու կարիերայի ուղղորդման ճամբարների կազմակերպման միջոցով մոտիվացնել շահառուներին և ակտիվացնել նրանց կապը գործատուների հետ: Ծրագիրը կմեկնարկի հունիսին: Արմավիրում և Լոռիում բարեհաջող կերպով ավարտելուց հետո դիտարկվելու է ծրագիրը այլ մարզերում ներդնելու հնարավորությունը։
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան