Կամավորական գործունեության ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման անհրաժեշտ պայմանների ամրագրման նպատակով կառավարությունը «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծ է հեղինակել: Խորհրդարանական լսումների ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը նշեց, որ սահմանվել է «կամավոր» հասկացությունը, վստահեցրեց, որ օրենքը կնպաստի կրթություն-աշխատաշուկա արդյունավետ գործակցությանը: Հստակ սահմանված է, թե որ կազմակերպությունները կարող են կամավորներ ներգրավել:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Դրանք հանրային իշխանության մարմիներն են, այդ թվում՝ պետական կամ ՏԻՄ, պետական կամ համայնքային և առևտրային կազմակերպությունները, շահույթ ստանալ չհետապնող այլ իրավաբանական անձինք կամ հիմնարկները, 100 տոկոսով պետության սեփականություն հանդիսացող, շահույթ ստանալ հետապնդող առևտրային կազմակերպությունները:
Հանրապետությունում նման 124 կառույց կա: Փոխնախարարի խոսքով՝ այս ոլորտի օրենսդրական կարգավորման փորձերը սկսվել են դեռ 2006 թվականից, սակայն տարբեր պատճառներով նախագծերն Ազգային ժողով չեն հասել։ Մինչև օրս սահմանված չեն կամավորին անօրինական և վարձու աշխատողից տարանջատելու հիմքերը, արձանագրեց Սարգսյանը և շեշտեց, որ նախագծով առաջարկում են կամավորների հետ կնքել քաղիրավական պայմանագիր:
Կամավոր կարող է դառնալ 16 տարին լրացած անձը, օրենքով պետք է հոգալ նրանց ճանապարհի, գիշերակացի, սննդի և այլ ծախսերը, ընդգծեց Սարգսյանը: Բժշկական, տնտեսական, իրավաբանական ոլորտներում կամավոր աշխատելու համար համապատասխան կրթություն կամ հավաստագիր ունենալը պարտադիր կլինի, իսկ կուտակած փորձն աշխատանքային փորձ կդիտարկվի:
Ռուբեն Սարգսյան - Նույն բուհական համակարգում կան բուհեր, որոնցում կամավորական փորձը պարտադիր կամ նախապատվելի պահանջ է: Այս պահին ԿԳՄՍ-ի կողմից մշակվող նախագծով նման սկզբունք է դրվելու նաև այլ բուհերի համար:
Նախագիծը կարևոր է, բայց պետք է խուսափել ոլորտի գերկարգավորումից, ասաց լսումներին մասնակցող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, նկատեց, որ կան կամավորներ, որոնք տարբեր աշխատանքների են մասնակցում՝ առանց փորձ կուտակելու մտադրության:
Նվարդ Փիլիպոսյան («Կանանց ռեսուրային կենտրոն» ՀԿ-ի իրավաբան) - Սա ենթադրում է, որ եթե ծառատունկին մասնակցեմ, պետք է քաղաքապետարանի հետ պայմանագիր ստորագրեմ, ու իմ ճանապարհածախսը փոխհատուցվի, թե դա համարվի անօրինական աշխատանք:
Ռուբեն Սարգսյան - Որևէ մեկը ձեզ չի սահմանափակում ծառատունկի մասնակցել, բայց, օրինակ, եթե ՏԻՄ մարմինը, որն իրավունք ունի կամավորներ ներգրավելու, հայտարարություն տարածի ու մի կամավորի հետ մի քանի օրվա համար ծառատունկ իրականացնի, պայմանագրի կնքի, կարծում եմ, որ բացասական չի լինելու, քանի որ երաշխիքներ է ստանալու, որոնք առանց պայմանագրի չի ունենալու:
Ռուբեն Սարգսյանը հայտնեց՝ կամավորների հետ պայմանագիր չունենալու դեպքում կառույցը կարող է մինչև 250 հազար դրամ տուգանվել:
Խորհրդարանական լսումներին մասնակցեցին ՀԿ ներկայացուցիչներ, աշակերտներ և իրավաբաններ: «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը դեռ խորհրդարանում պետք է քննարկվի, լսումները կազմակերպած ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ առաջարկներն ու քննադատությունները հաշվի կառնվեն:
Հեղինակ` Անի Օհանյան