Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին Խորվաթիայի նախագահի գրասենյակում դիմավորեց նախագահը՝ Զորան Միլանովիչը՝ տիկնոջ՝ Սանյա Միլանովիչի ուղեկցությամբ:
Զագրեբ ժամանած բարձրաստիճան հյուրերի համար նախագահ Միլանովիչի անունից ողջույնի ընթրիք մատուցվեց: Աննա Հակոբյանը Խորվաթիայում է աշխատանքային այցով՝ մասնակցում է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»:
Գագաթնաժողովը մեկնարկեց այցի երկրորդ օրը: Քննարկման գլխավոր թեման մանկական գիրության կանխարգելումն ու դրա դեմ պայքարն է: Եվրոպական երկրների առաջնորդների կանայք հայտարարություններով հանդես եկան, ներկայացրեցին մանկական գիրության խնդրի վերաբերյալ իրենց երկրների հաջողություները, ներդրված նորարարական լուծումները:
Մանկական գիրության դեմ պայքարը պետք է սկսել դպրոցներից՝ առողջ սնունդ ապահովելով. արձանագրեցին ներկաները: Շեշտեցին՝ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը, այս հարցում ևս մեծ է կրթական հաստատությունների դերը: Գագաթնաժողովի նկատառումներից է՝ ոչ թե գեղեցիկ տեսքի, այլ հանուն առողջության պետք է խուսափել գիրանալուց:
Եվրոպայում դպրոցահասակ ամեն երրորդ երեխան գիրանալու հակում ունի, փաստեցին բանախոսները և հավելեցին՝ վաղ տարիքում գիրացումը մարտահրավեր է բոլոր երկրների համար, իսկ դրա դեմ պայքարը հնարավոր է միայն համատեղ ուժերով:
Քննարկման ընթացքում Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նշեց, որ այս խնդիրն իր ուշադրության կենտրոնում չի եղել, քանի որ Հայաստանում հիմա կան ավելի կարևոր խնդիրներ` պատերազմը, Լաչինի միջանցքի շրջափակումն ու Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը: Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար ամենօրյա սնունդ ապահովելը լուրջ խնդիր է դարձել: Վարչապետի տիկինը ընդգծեց, որ ամեն դեպքում, այս միջոցառմանը ներկա գտնվելը կարևոր է համարում, և այսուհետև մանկական գիրության խնդիրը լինելու է իր ուշադրության կենտրոնում:
Քննարկման ավարտին ընդունվեց Զագրեբի հռչակագիրը, որով գագաթնաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները հայտարարում և ընդունում են մանկական գիրության դեմ պայքարում համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, պարտավորվում են ապահովել երեխաների համար առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ միջավայր:
Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց մշակութային ծրագիրը. առաջին տիկնայք այցելեցին նաև Խորվաթիայի ազգային կենտրոն, որտեղ նրանց համար կարճատև էքսկուրս անցկացվեց, ապա վոկալային ու բալետային կարճ ներկայացումներ բեմադրվեցին: